Երեկ ոչ ուրբաթ էր, ոչ էլ 13-ը, բայց ինչպես դեպքերի որոշ վկաներ ասացին՝ սատանայական մասնակցություն կար իրադարձություններին: Կամ՝ եղել էր: Ի՞նչ մեղք ուներ սատանան, եթե իրենք նախապես համաձայնել են մանդատից հրաժարվելու դիմումներ գրել՝ ինչ հիմնավորում էլ ներկայացվել է իբրև պատճառ, ո՞ւմ համար է գաղտնիք՝ ինչի համար են այդօրինակ դիմումները գրվում: Եվ այդ «միամիտները» հավակնում են օրենսդիր դառնալ ու պետություն ղեկավարել: ԿԸՀ-ն էլ նրանց «միամտաբար» գրանցեց:
Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր․ 58-ը՝ Հանրապետականից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելքից», 7-ը՝ ՀՅԴ-ից: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը մայիսի 18-ին է: Եվ երեկվա իրադարձություններից հետո պարզվեց, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կվարի Նապոլեոն Ազիզյանը՝ նա տարիքով ամենամեծն է, մինչդեռ հայտարարվել էր, որ ԱԺ առաջին նիստը վարելու պատիվը Արա Բաբլոյանինն է: Նապոլեոն Ազիզյանը ծնվել է 1946-ի հունվարին, Արա Բաբլոյանը՝ 1947-ին: Ահա այսպես Նապոլեոն Ազիզյանը ոչ միայն մանդատ ստացավ՝ սատանաների հարցերը լուծելով, այլև մտնելու է խորհրդարանի տարեգրության մեջ առաջին նիստը վարելով՝ ԱԺ քարտուղարությունը ծանր գործ ունի՝ չտապալել պատմական մեկնարկը:
ԱԺ Կանոնակարգով՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին: Մինչև ԱԺ նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը: Պատկերացնո՞ւմ եք, որ Նապոլեոն Ազիզյանը նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք է տալու ՀՀ նախագահին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին, իսկ եթե իրեն կայսր զգա ու չտա՞: Հետո էլ պատգամավորներին ասի՝ երդվում եք ոչ թե հաստատված տեքստով, այլ՝ ինձ: Սկանդալը դա կլինի, թե չէ երեկվանը ի՞նչ: Սովորական մուտիլովկա էր, մանավանդ Գագիկ Ծառուկյանը հարկ էլ չհամարեց իր խոսքն ասել:
Եվ հետո պատգամավորի երդումը շատ հավակնոտ է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝
երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,
հետո հինգ տարի երդմնախախտ են լինելու: Բա մեղք չե՞ն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ որ Արա Բաբլոյանի ոչ միայն առաջին նիստ վարողի հացը կտրեցին, այլև մանդատն էլ վերցնելու ու Շվեյցարիայի դեսպան են նշանակելու, հավատալու չէ: Արա Բաբլոյանը գուցե և տարիքի բերումով համաձայնի բժշկական բիզնեսը որդուն հանձնել ու Շվեյցարիա գնալ հանգստանալու, բայց Շառլ Ազնավուրին ինչպե՞ս են ասելու՝ թոշակի գնա, քեզնից ի՞նչ դեսպան, մանավանդ որ Արա Բաբլոյանն էլ հրաշալի բժիշկ է, բայց ոչ դիվանագետ: